Ինչպես արդեն գրել էի, Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MİT) գաղտնազերծել է Լոուրենս Արաբացու մասին թուրքական հատուկ ծառայությունների զեկույցները:
Կարողացա ստանալ արխիվային փաստաթղթերը, ու դեռևս հրապարակված էջն եմ հասցրել ուսումնասիրել;
Այս փաստաթուղթը թվագրված է 1929 թվականի սեպտեմբերի 23-ին և վերաբերում է Լոուրենս Արաբացու (Թ. Է. Լոուրենս) գործունեությանը Մերձավոր Արևելքում։
Ստորև ներկայացնում եմ փաստաթղթի բովանդակության հայերեն վերծանումը և թարգմանությունը։
«Գլխագիր.
Թուրքիայի Հանրապետություն, MAH (Milli Amele Hizmeti – MİT-ի նախկին անվանումը), Անկարա։
Ամսաթիվ. 23 սեպտեմբերի 1929թ.
Հիմնական բովանդակությունը.
1. Կահիրեի մասոնական ակումբից Սիրիայի և Պաղեստինի վերաբերյալ ստացված հավաստի տեղեկությունները ներկայացնում եմ երկրորդ կետում։
2. Բրիտանական հետախուզության ղեկավարներից հայտնի լրտես, գնդապետ Լոուրենսը, ով երկու ամիս առաջ Եգիպտոսում էր գտնվում «Շեյխ Աբդուլլահ» կեղծանվամբ, այնուհետև անցել է Սիրիա և Իրաք։ Հայտնի է դարձել, որ օգոստոս ամսին նա անսպասելիորեն հայտնվել է Երուսաղեմում, իսկ այժմ գտնվում է Սուդանի Խարթում քաղաքում։
Լոուրենսի գործողությունները Երուսաղեմում.
Երուսաղեմում գտնվելու ժամանակ նա հանդես է եկել տարբեր կերպարներով.
Մեկ՝ որպես մուսուլման հոջա (կրոնավոր)՝ «Շեյխ Աբդուլլահ» անվամբ,
Մեկ՝ որպես ամերիկացի հրեա ռաբբի՝ «Յակոս Իսկինազի» անվամբ։
Ըստ բազմաթիվ վկայությունների՝ նա այցելել է Լացի պատի շրջակայքը, որտեղ առանձին-առանձին հանդիպել է մուսուլմանների և հրեաների հետ։ Նա իրականացրել է «թունավոր քարոզչություն» և հրահրել է երկու կողմերին միմյանց դեմ, ինչն էլ հանգեցրել է Պաղեստինում տեղի ունեցած արյունալի բախումներին (նկատի ունի 1929-ի անկարգությունները)։
Քաղաքական նպատակները.
Բրիտանական հետախուզությունը և «իմպերիալիստական կազմակերպությունները» դժգոհ են Մակդոնալդի (Բրիտանիայի վարչապետի) քաղաքականությունից։ Նրանց նպատակն է ապացուցել, որ Պաղեստինն ու Եգիպտոսը դեռ պատրաստ չեն անկախության, և այդ պատճառով արհեստականորեն հրահրում են խռովություններ ու հեղափոխական տրամադրություններ։ Լոուրենսի Սուդան մեկնելը դիտարկվում է որպես գաղտնի ծրագրի մաս՝ Եգիպտոսում իրավիճակը կայունացնելու փոխարեն այնտեղ նոր սադրանքներ և մահափորձեր կազմակերպելու համար։
3. Կից ներկայացվում է Լոուրենսի լուսանկարը՝ զինվորական համազգեստով։
4. Զեկույցը ներկայացվել է Վարչապետին և համապատասխան գերատեսչություններին»։
Այս փաստաթուղթը ցույց է տալիս, որ Լոուրենսը շարունակել է ակտիվ գործունեությունը տարածաշրջանում նաև Առաջին համաշխարհային պատերազմից շատ տարիներ անց։ Թուրքական հետախուզությունը նրան համարում էր հիմնական պատասխանատուն այն արյունալի բախումների համար, որոնք տեղի էին ունենում արաբների և հրեաների միջև Պաղեստինում։
Դեռևս զեկույցի բազմաթիվ էջեր կան ուսումնասիրելու: Հետաքրքիր է, թե թուրքերի դիտանկյունից մենք ինչ Լոուրենս Արաբացի ենք բացահայտելու:
Արա Պողոսյան